Մի իրի պատմություն: Կարտոֆիլ ֆրի
Ֆրին իրենից ներկայացնում է քառանկյունաձև բարակ կտրտած և մեծ քանակությամբ յուղի մեջ տապակած կարտոֆիլի կտորներ։ Դրա պատրաստման համար ամենից հաճախ օգտագործվում է հատուկ սարք։ Այն ունի ուտելիքի համար նախատեսված ցանցկեն զամբյուղ, որը իջեցվում է եռացրած յուղի մեջ, և պարունակությունը տապակվում է։ Դժվար է պատկերացնել որևէ խորտկարան առանց դրա։
Ուտեստի ստեղծման պատմությունը տարբեր է։ Օրինակ՝ անգլախոս երկրներում այն անվանում են «french fries», ինչը ուղղակիորեն նշանակում է «ֆրանսիական տապակած կարտոֆիլ»: Սակայն ուտեստը չի հայտնագործվել Ֆրանսիայում։
Համարվում է, որ այն առաջին անգամ պատրաստվել է Բելգիայում՝ մոտավորապես 17-րդ դարի վերջին։
Բելգիացիների համոզմունքով` ֆրին, կամ ինչպես իրենք են անվանում՝ «ֆրիտը», իրենց ազգային խոհանոցի ամենասիրելի ուտեստներից մեկն է։ Այն առաջին անգամ պատրաստվել էր Լիեժ քաղաքից ոչ հեռու գտնվող Մեյուսե հովտում։ Այդ հովտի բնակիչները տեղական գետից ձուկ էին բռնում, բարակ կտրտում և առատ յուղի մեջ տապակում։ Քանի որ ձմռանը գետը սառցակալում էր, և ձուկ չէր լինում, ապա նրանք ժամանակավորապես պետք է հրաժարվեին սիրելի ուտելիքից։ Ավելի ուշ նրանք մտածեցին ձկան փոխարեն օգտագործել կարտոֆիլը։ Իսկ «ֆրիտ» անվանումը այն ստացել էր ձեռներեց մի բելգիացուց, ում ազգանունը Ֆրիտե էր։ Հենց նա 1861 թվականին սկսեց վաճառել յուղի մեջ պատրաստված այդ ուտեստը։
Իսկ որտեղից է առաջացել «կարտոֆիլ` ֆրանսիական ձևով» անվանումը: Այն առաջացել է մի անզգույշ սխալից։ Պարզվում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ամերիկյան զինվորներն առաջին անգամ համտեսել էին այդ անսովոր ուտելիքը իրենց բելգիացի զինակիցների շնորհիվ, իսկ վերջիններս սերում էին Բելգիայի ֆրանսախոս հատվածից, և այդ պատճառով կարտոֆիլին ավելացվել էր «ֆրանսիական» ածականը։
Այնուամենայնիվ, ֆրիի պատմությունը այստեղ չի ավարտվում։ 1900-ականների կեսին ճակատագիրը կարտոֆիլին տվեց երկրորդ հնարավորությունը։ Փարիզ ժամանող գնացքը, որի մեջ էր շատ կարևոր քաղաքական մի գործիչ, ուշանում էր, և պաշտոնական ճաշկերույթը սպասարկող խոհարարները ստիպված էին կարտոֆիլի կտորները տապակել երկրորդ անգամ, ինչի արդյունքում այն ստացվեց ավելի խրթխրթան և համեղ։ Պատրաստման այս տարբերակով կարտոֆիլը դարձավ ամենանրբահամը։
Սակայն խանդավառությունը կպակասի, եթե անդրադառնանք կարտոֆիլի բացասական հատկություններին։ Քիմիական հավելումների, օրինակ՝ պեստիցիդների և զանազան խթանիչների ներկայությունը ոչ միայն վատթարացնում է արտադրանքի որակը, այլ զգալիորեն վնասում է մարդու օրգանիզմը։ Վերջիվերջո, մթերքի որակի կտրուկ անկմանը նպաստում է նախապես մշակված և հետո սառեցրած կարտոֆիլի օգտագործումը, ինչպես նաև տապակելու համար արդեն կիրառված յուղի բազմակի օգտագործումը։
Աղբյուրը;
Հարցեր և առաջադրանքներ:
1. Ընդգծված հատվածից դուրս գրիր ածանցավոր բառերը և ընդգծիր ածանցները:
2. Ուրիշ ի՞նչ պատմություններ գիտես այլ իրերի ստեղծման մասին:
Թողնել պատասխան